Արագածոտնի մարզում 20 տոննա սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com

15:27 • 03.03.19

Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 60-ամյա Բորիս Կուպեևը իր վարած Volvo 240 մակնիշի K 403 CB 174 համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված ճանապարհով անցնող, Օհանավան գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արմեն Պողոսյանը, ով քաղաքացիների հետ վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կայքը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձած է եկել 20 տոննա սոխով, և այն թափվել է: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: