Եկատերինբուրգում շենքի տանիքից պոկված սառցակտորն ընկել է մանկասայլակով զբոսնող կնոջ վրա

19:53 • 03.03.19

Եկատերինբուրգում տան տանիքից պոկված սառույցի կտորն ընկել է մանկասայլակով զբոսնող կնոջ վրա: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կատարվածի առնչությամբ նախաքննություն է իրականացվում:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին: 1987 թվականին ծնված կինը զբոսնելիս է եղել մանկասայլակով: Սայլակը կողաշրջվել է, սակայն երեխան չի տուժել: Երեխայի մոր մոտ բժիշկները գլխի փափուկ հյուսվածքների և ձեռքի վնասվածքներ են ախտորոշել:

Քննիչները պարզում են կատարվածի հանգամանքները: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար հասցված վնասվածքների բնույթն ու ծանրությունը:

Հետաքննությունը ճշտում է նաև տվյալ շենքի սպասարկման համար պատասխանատու անձանց անունները: