Խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ են. Արման Թաթոյանը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի հայտարարությունների մասին

17:57 • 03.03.19

Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:

«Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Հախվերդյանը նշել է, որ քծնանքի քաղաքականությունը դեռ շարունակվում է, ինչը ադրբեջանական հատկություն է: «Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»,-ասել է նա: