Գուաիդոն հայտարարել է, որ բողոքի հերթական ակցիան Վենեսուելայում կանցկացվի մարտի 4-ին

02:27 • 04.03.19

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կիրակի՝ մարտի 3-ին հայտարարել է, բողոքի հերթական ակցիան հանրապետությունում կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 4-ին: Այս մասին Գուաիդոն գրել է իր թվիթերյան էջում:

«Ես կոչ եմ անում վենեսուելացի ժողովրդին վաղը (մարտի 4-ին – Tert.am) ժամը 11:00-ին (երևանյան ժամանակով ժամը 19:00-ին) ամբողջ երկրում դուրս գալ ակցիաների: Ուշադիր հետևեք պաշտոնական ցանցերում հրապարակվող տեղեկությանը, մենք կհաղորդենք հանրահավաքների կետերի մասին», - գրել է Գուաիդոն:

Ընդդիմադիր առաջնորդը նաև հավելել է, որ «վերադառնում է երկիր»:

Փետրվարի 22-ին Գուաիդոն հատել էր Կոլումբիայի հետ սահմանը՝ չնայած հունվարից գործող՝Վենեսուելայի սահմաններից դուրս գալն արգելող օրենքի: Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կարլոս Վալդեսը հայտարարել էր, որ Գուաիդոյին օրենքը խախտելու համար մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցերն են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: