Հայտնի է դարձել 2019թ.-ի ամենասպասված սմարթֆոնների ցանկը
Business Insider հարթակը ներկայացրել է ընթացիկ տարվա ամենասպասված սմարթֆոնների ցանկը:
Ցանկում տեղ են գտել Samsung ընկերության Galaxy Fold և Note 10 սմարթֆոնները, Huawei Mate X-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաև Apple ընկերության նորույթները:
Samsung Galaxy Fold-ն օժտված է ծալվող էկրանով, որի շնորհիվ այն կարող է օգտագործվել և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ որպես պլանշետ: Գաջեթի գինը մոտ 2000 դոլար կլինի:
Ընկերության մյուս՝ Galaxy Note 10 սմարթֆոնը Galaxy S շարքի սմարթֆոնների համեմատ առանձնանում է ավելի լայն էկրանով: Նորույթը կներկայացվի ամռան վերջին:
Չինական Huawei ընկերության Mate X սմարթֆոնը նույնպես օժտված է ծալվող էկրանով: Ակնկալվում է, որ այն կարժենա 2600 դոլար, իսկ արտադրությունը կսկսվի տարվա կեսին:
Հարթակը նշում է, որ 2000-ականների սկզբին տարածում գտած Motorola Razr մոդելը կարող է արդիականացված տեսքով նորից շրջանառվել: Այս գաջեթի էկրանը նույնպես ծալվող կլինի, իսկ արժեքը՝ մոտ 1500 դոլար:
Google Pixel 3 Lite-ը Pixel 3-ի էժան տարբերակը կլինի. դրա գինն ավելի ցածր կլինի, քան iPhone XR-ինը, որը վաճառվում է 750 դոլարով:
Ինչ վերաբերում է OnePlus 7 սմարթֆոնին՝ այն կարող է OnePlus 6T-ի շարունակությունը դառնալ, որը հարթակի վարկածով 2018թ.-ի լավագույն սմարթֆոններից էր ճանաչվել:
Ցուցակում հայտնվել են նաև Apple ընկերության արտադրանքներից, մասնավորապես՝ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է թողարկել iPhone XR, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնների իրավահաջորդները հանդիսացող երեք նոր գաջեթ:










