Բավարիայում հնագետները 6500 տարվա կմախք են հայտնաբերել (լուսանկարներ)

16:06 • 07.03.19

Գերմանիայի Բավարիա երկրամասում հնագետները 6500 տարի առաջ ապրած երիտասարդի՝ լավ պահպանված կմախք են հայտնաբերել, գրում է Welt պարբերականը:

Ֆրեդ անվանված կմախքի մոտ հայտնաբերվել են քարե կացին և հացահատիկի սերմեր: Հնագետ Սքոթ Տակերի խոսքով՝ այդ դարաշրջանի գտածոները շատ հազվադեպ են: Այն, որ Ֆրեդն այդքան լավ է պահպանվել, բացատրվում է հողի մեջ կալցիումի օքսիդի բարձր պարունակությամբ:

Ինչպես նշում է պարբերականը, պեղումներն իրականացվել են տվյալ տարածքում գինեգործական ընկերության օբյեկտների կառուցման ծրագրի առնչությամբ:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև կավե ափսեներ, ուտելիքի մնացորդներ և այլն: Հայտնաբերվել է նաև 4500 տարի առաջ ապրած տղայի կմախք:

Հատկանշական է այն, որ Բավարիան միակ դաշնային երկրամասն է, որտեղ գտնված հնագիտական իրերն ու գտածոները պատկանում են ոչ թե պետությանը, այլև տվյալ հողատիրոջը: Ֆրեդի պահպանումը, սակայն, կարող է շատ թանկ արժենալ, և հնարավոր է՝ գինեգործները կմախքը թանգարանին հանձնեն: