Ատլանտյան օվկիանոսում բարեհաջող վայրէջք է կատարել SpaceX-ի նորագույն տիեզերանավը (տեսանյութ)

19:59 • 08.03.19

Ամերիկյան Crew Dragon նորագույն տիեզերանավը, որը ՆԱՍԱ-ի հետ համագործակցության պայմանագրով կառուցել է SpaceX ընկերությունը, բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ ավարտելով իր առաջին փորձնական թռիչքը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ին, վայրէջքը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 17:45-ին: Դրանից մի քանի ժամ առաջ տիեզերանավն ավտոմատ կերպով անջատվել էր Միջազգային տիեզերակայանից և դուրս եկել ուղեծրից:

Ենթադրվում է, որ վայրէջքից հետո Go Searcher փրկարարական նավի մասնագետները հատուկ սարքավորման օգնությամբ դուրս կբերեն տիեզերանավը ջրից:

Նշվում է, որ այն 136 կգ կշռող բեռ է բերել ուղեծրից, այդ թվում և ուղեծրում իրականացված գիտափորձերի արդյունքները:

Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան էր արձակվել անցյալ շաբաթ, իսկ հաջորդ օրը հաջողությամբ տեղ էր հասել:

Ատլանտյան օվկիանոսում բարեհաջող վայրէջք է կատարել SpaceX-ի նորագույն տիեզերանավը (տեսանյութ)