Գյումրիի ակումբներից մեկում ռուս զինծառայողի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

12:10 • 08.03.19

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով»-ասաց Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: