ԱՄՆ-ն հայտնել է, թե երբ իրենց տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա

13:32 • 12.03.19

ԱՄՆ-ն նախատեսում է 2028թ.-ին մարդկանց մասնակցությամբ հերթական առաքելությունն ուղարկել դեպի Լուսին: Այս մասին է վկայում Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ)՝ մարտի 11-ին հրապարակված բյուջեի նախագիծը:

«Լուսնի վրա վայրէջք կատարելու նպատակով կառավարվող համակարգի զարգացման ուղղությամբ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունն այլ հետազոտությունների հետ մեկտեղ կվերադարձնի ԱՄՆ-ի՝ դեպի Լուսին ճանապարհին, դրա շուրջն ու դրա մակերևույթին առաջատար լինելու կարգավիճակը և կհանգեցնի 2028թ.-ին արբանյակի վրա տիեզերագնացների վայրէջքին»,- ասված է փաստաթղթում:

ՆԱՍԱ-ի՝ 2020 ֆինանսական տարում ընդհանուր ֆինանսավորման ծավալը կարող է 21 մլրդ դոլար կազմել:

Խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին՝ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հայտնել է, որ գործակալությունը հաջորդ տասնամյակում նորարարական տեխնոլոգիաներով և համակարգերով կուղևորվի դեպի Երկրի արբանյակ՝ դրա մակերևույթի ավելի մեծ հատված հետազոտելու, ընդ որում՝ հաջորդ առաքելությունը մոտ 1 շաբաթ կտևի:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործում է Լուսնի վրա ստացած գիտելիքները, որպեսզի ծրագրի հաջորդ «հսկայական թռիչքը»՝ տիեզերագնացների վայրէջքը Մարսի մակերևույթին: 

 

ԱՄՆ-ն հայտնել է, թե երբ իրենց տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա