Չինաստանում մարդու գործունեության՝ մինչև 38 հազար տարվա հնության հետքեր են հայտնաբերվել
Չինացի հնագետները երկրի հարավային Գույչժոու նահանգում նախամարդու գործունեության հետքեր են հայտնաբերել, որոնք 4 հազարից մինչև 38 հազար տարվա հնության են: Այս մասին հաղորդում է xinhuanet.com կայքը:
Հնագիտական պեղումներն իրականացվել են Յանկուն գյուղի շրջակայքում՝ Չենդու քաղաքի հնագիտական և մշակութային մասունքների ինստիտուտի ներկայացուցիչների հետ համատեղ:
2017թ.-ին սկսված հնագիտական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են կավի մնացորդներ, քարից ու եղջյուրներից պատրաստված աշխատանքային գործիքներ, ինչպես նաև կենդանիների ոսկորներ: Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև 2 դամբարան:
Հետազոտողների խոսքով՝ հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ այդ տարածքում բնակվող նախամարդիկ զբաղվել են ձկնորսությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ:
Գիտնականների համաձայն՝ պեղումները մեծ նշանակություն կունենան նախամարդու կենսակերպը և ծայրահեղ կլիմայական պայմաններին հարմարվելու գործընթացը հասկանալու, ինչպես նաև այդ տարածաշրջանում նախապատմական մշակույթի մասին գաղափար կազմելու առումով:










