Քաղաքացու օր սահմանելը քաղաքացու արժևորմանն է միտված, մատնանշում է, քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին․ Արտակ Զեյնալյան
Քաղաքացու օր սահմանելը քաղաքացու արժևորմանն է միտված, մատնանշում է, որ քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայաստանում Քաղաքացու օր նշանակվելուն։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում տոնի նշումը, նա պատասխանեց՝ շատ քաղաքակիրթ ձևով։ «Դրանից լավ զգալով, փառավորվելով, որ մենք քաղաքացի ենք, իշխանության կրողն ենք, նաև պատասխանատու ենք այդ իշխանության համար»,- շարունակեց նա։
Նախարարը կարծում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց բարձր իրավագիտակցություն ունենալը բազմիցս ապացուցել են։ «Տարբեր ժամանակներում ապացուցել են, իսկ այսօր աշխարհում զարմանում են, որ հնարավոր է՝ հանրահավաք տեղի ունենա, ակցիաներ, բայց որևէ ավտոմեքենայի վրա ոչ մի խազ չլինի, ոչ մի ապակի չջարդվի, այս առումով Հայաստանը հրապուրիչ երկիր է»,- նշեց Զեյնալյանը։
Վերջինիս զարմացնում է այս հարցի հետ կապված աժիոտաժն ու քննադատությունը։ Ինչ վերաբերում է օրը ընտրելուն, Արտակ Զեյնալյան ասաց, թե այսպես են արել, որ ոչ աշխատանքային օր լինի ու չհամընկնի ապրիլի 24-ի հետ։
Ինչ վերաբերում է տոն օրերի կրճատմանը՝ հատկապես Ամանորից հետո, Զեյնալյանն ասաց, որ դեռևս դիրքորոշում չունեն այս հարցի հետ կապված, կքննարկեն ու որոշում կկայացնեն։
Հիշեցնենք, որ գործադիրն այսօր ընդունեց «Քաղաքացու օրը նշանակելու մասին» որոշման նախագիծը: Այսպիսով՝ ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:










