Որոշ գիշերօթիկ հաստատություններ կլուծարվեն, պատճառը ոչ թե օպտիմալացումն է, այլ մարդու իրավունքների պաշտպանությունը. Զ. Բաթոյան (տեսանյութ)

18:17 • 21.03.19

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս պահին չի կարող ասել, թե քանի գիշերօթիկ հաստատություն կփակվի։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսքը վերակազմավորման ու լուծարման մասին է։

«Սա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք  երեխաների՝ իրենց համայնքներում ապրելու հնարավորությունն ապահովել։

Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, պետք է հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց։ Գիշերօթիկ հաստատությունները, ցավոք սրտի, հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք այդ ընտանիքներին օգնելուն ու համայնքում այդ ծառայությունները ստեղծելուն»,- ասաց նա։

Նախարարը գիշերօթիկ հաստատությունների սննդի հետ կապված դժգոհություններ չի ստացել, բայց հորդորում է նման տեղեկություններ ունեցողներին անպայման իրազեկել իրեն։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ իրենք մշտադիտարկման գործընթաց ունեն։

«Մենք մշտադիտարկող խումբ ենք ստեղծել, որը բաղկացած է հասարակական կազմակերպություններից, և այս մշտադիտարկող խումբն ազատ է այցեր կատարելու անսպասելի այցեր կատարելու մեջ։ Մենք այս գործընթացն իրականացնում ենք, սակայն նախարարության ռեսուրսները բավարար չեն այն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ ՄԻՊ-ի բոլոր զեկույցներն էլ մեզ համար շատ կարևոր են, դրանց ուղղությամբ մենք ուշադրություն ենք դարձնում՝ այդ խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկելու նպատակով»,- ընդգծեց նախարարը։

Բաթոյանը նկատեց, որ գիշերօթիկ հաստատությունների նպատակը երեխաների խնամքն է, սակայն ցավով արձանագրեց, որ այսօր երեխաներին միայն խնամք չէ անհրաժեշտ։

«Երեխաները  պետք է զարգացման, լավ կրթության հնարավորություն ունենա, երեխաները  պետք է իրենց հասակակիցների, քույր ու եղբայրների հետ նույն համայնքում մեծանան։ Որքան էլ մենք գիշերօթիկ հաստատությունում լավ պայմաններ ստեղծենք, շատ լավ սնունդ տրամադրենք, միևնույն է, դա այն միջավայրը չէ, որտեղ պետք է երեխան զարգանա, քանի որ հեռահար նպատակը՝ զարգացման հեռանկարը, սահմանափակվում է գիշերօթիկ հաստատությունում»,- շարունակեց Բաթոյանը։

Վերջինս վստահեցրեց՝ գիշերօթիկ հաստատությունների օպտիմալացումն ամենևին կապ չունի Կառավարության կողմից մեկնարկած օպտիմալացման ծրագրի հետ։

«Նման հաստատությունների փակումը կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ, այսինքն՝ մարդու իրավունքների ապահովման լավագույն տարբերակը մարդու՝ իր իսկ համայնքում ապրելու իրավունքի ապահովումն է։ ՀՀ-ն, ցավոք, այս իմաստով շատ ուշացել է, այսօր մենք մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես՝ Խարբերդում, ունենք մարդիկ, որոնց 18 տարին լրացել է, բայց իրենք դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն։ Մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք այդ մարդկանց հնարավորինս շուտ այդ հաստատություններից դուրս բերելու ու նրանց կյանքը լիարժեք  ապահովելու»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան