Մանկատան սաներին բնակարանով ապահովելու հարցը լուրջ է, պետությունն ունի պարտավորություններ, որը չի իրականացրել կամ փոքր մասով է իրականացրել․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Մանկատան սաներին բնակարանով ապահովելու հարցը շատ լուրջ է, այո, պետությունն ունի պարտավորություններ շրջանավարտների նկատմամբ, որը չի իրականացրել կամ փոքր հատվածով է իրականացրել։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, որ մանկատներում 18 տարին լրացած անձինք կան, ավելին՝ որոշ սաներ ակցիա էին անում՝ պնդելով, որ իրենց հասանելիք բնակարանները տրվել են այլ մարդկանց։ Նա կարծում է, որ այս ոլորտում իսկապես լուրջ անելիքներ կան։
«Այս խնդրի հետ կապված էլ քայլեր են պլանավորում, ռազմավարություն ենք մշակում։ Ինչ վերաբերում է հարցին, որ նրանց հասանելիք բնակարաններն այլ մարդկանց են տրվել, այս դեպքում, որքանով տեղյակ եմ, 1-2 դեպքի մասին է խոսքը, իսկ այդ հարցը քննարկվել ու լուծվել է այն ժամանակ, երբ դեռ նախարար էր տիկին Թանդիլյանը։ Սակայն այս խնդիրն իսկապես գլոբալ է, այո, բոլոր այն երեխաների դեպքում, որոնք չափահաս տարիքի են հասնում, պետք է որպես կառավարություն ապահովենք նրանց բնակարանով»,- ասաց նա։
Նախարարը դժվարանում է ասել, թե մինչ իրենց քաղաքական ուժի իշխանության գալը, ինչու են այս ոլորտում այդքան խնդիրներ կուտակվել, բայց հիմա վստահեցնում է՝ իրենք չեն ասում, որ խնդիրը չեն կարող կարգավորել։
«Հիմա ասում եմ, որ պլանավորում ենք, թե ինչպես ենք այս խնդիրը լուծելու։ Մենք պետք է ունենանք առաջարկ, մշակենք ռազմավարություն, ներկայացնենք Կառավարությանն ու ԱԺ-ին, բնականաբար, պաշտպանենք մեր առաջարկը։ Գուցե լինեն դժվարություններ, խնդիրներ ունենանք, բայց դա անհնարին չէ»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը։










