Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում անհայտ անձինք վնասել են 4 մզկիթ

15:27 • 21.03.19

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է Բիրմինգհեմ քաղաքի մզկիթների վրա հարձակումների մասին լուրը: Իրավապահները միջադեպի հետ կապված հետաքննություն են իրականացնում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ուեսթ Միդլենդս կոմսության ոստիկանությանը:

«Լույս հինգշաբթի տեղի ունեցած հարձակումների դրդապատճառները մեզ առայժմ հայտնի չեն», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Դեյվ Թոմփսոնը:

Նշվում է, որ հարձակման առաջին դեպքի մասին ոստիկանությանը հայտնի է դարձել տեղի ժամանակով գիշերը ժամը 2.30-ին: Հաղորդվել է, որ անհայտ տղամարդը մեծ մուրճով կոտրել է քաղաքի մզկիթներից մեկի պատուհանները:

Ավելի ուշ ոստիկանությունը ստացել է ևս մի նման ահազանգ: Իրավապահները սկսել են հսկողություն իրականացնել քաղաքի այն շրջանում, որտեղ հիմնականում գտնվում են մզկիթները, ինչից հետո պարզ է դարձել, որ հարձակումների հետևանքով վնասվել է տեղի 4 մզկիթ:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը կրակ էր բացել նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում, ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ: