Նոր Զելանդիայում ուրբաթօրյա աղոթքին ընդառաջ կվերաբացվեն ահաբեկչության թիրախ դարձած մզկիթները

14:51 • 21.03.19

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում անցած ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո հավատացյալների առաջ կրկին կբացվեն հարձակման թիրախ դարձած մզկիթները, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ինչպես և սպասվում էր, Լինվուդ պողոտայի մզկիթը կվերաբացվի այսօր երեկոյան՝ ուրբաթօրյա աղոթքին ընդառաջ: Ոստիկանությունն ավարտել է դեպքի վայրում աշխատանքները, սակայն առաջիկա օրերին մզկիթում հսկողություն կիրականացվի: Մյուս՝ Դինս պողոտայի մզկիթը հանրության համար բաց կլինի վաղվանից»,- ասված է ոստիկանության թվիթերյան գրառման մեջ:

Ուրբաթօրյա աղոթքը կհեռարձակվի ամբողջ երկրով մեկ: Ներկաները 2 րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը: 

Ավելի վաղ նորզելանդական իշխանությունները հայտարարել էին երկրում կիսաավտոմատ մարտական զենքի վաճառքն ու գործածումն արգելելու մասին:

Հիշեցնենք, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը 50 մարդու կյանք է խլել: Ահաբեկչության համար ձերբակալված 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք է առաջադրվել: Նրա գործով հաջորդ դատական լսումը նշանակված է ապրիլի 5-ին, իսկ մինչ այդ նրան կշարունակեն կալանքի տակ պահել: Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ: