Սանկտ Պետերբուրգի 5 դպրոցում շտապ տարհանում է իրականացվել շենքերի ականապատման մասին անանուն հաղորդագրություններից հետո
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կալինինյան շրջանի 5 դպրոցներում զանգվածային տարհանում է իրականացվել՝ շենքում ռումբի առկայության մասին հաղորդագրություններից հետո, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանային վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ շենքերի ականապատման մասին հաղորդագրությունը ստացվել է անանուն՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
«Շենքերը ստուգում են կինոլոգները, աշխատում են ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության աշխատակիցները», - նշել է աղբյուրը:
Ըստ ականատեսների՝ ռումբի առկայության վտանգի պատճառով այցելուների համար փակ են նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքային ու Բոտկինսկի հիվանդանոցները:
Հիշեցնենք, որ դեռևս հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի կենտրոնական հատվածներում ու Հեռավոր Արևելքում պարբերաբար անանուն ահազանգեր էին ստացվում դպրոցների, առևտրի կենտրոնների, հիվանդանոցների ու այլ շենքերի ականապատման մասին:










