Չինաստանում քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը 47-ի է հասել. տարհանվել է 4000 մարդ, տուժել՝ 640-ը (լուսանկարներ, տեսանյութ)

10:01 • 22.03.19

Չինաստանի արևելքում Tianjiayi Chemical ընկերությանը պատկանող և թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող քիմիական գործարանում երեկ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 47-ի է հասել, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին:

Պայթյունի հետևանքով բոլոր 640 տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 32-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 58-ինը՝ ծանր:

Գործարանի հարակից տարածքից 4000 մարդ է տարհանվել, որոնցից 3000-ը գործարանի աշխատակիցներ են, մնացածը՝ տեղի բնակիչներ: Դպրոցներում ու մանկապարտեզներում հետաձգվել են դասերը: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ տարածքում խմելու ջուրը պայթյունի հետևանքով չի աղտոտվել:

Հաղորդվում է, որ «Ցզյանսու Տյանցզյաի» գործարանում որոտացած պայթյունն այնքան ուժգին է եղել, որ դրան հետևել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Պայթյունի հստակ պատճառները դեռևս պարզ չեն: