Էրդողանը Նովրուզի տոնի առթիվ թուրքերեն և քրդերեն շնորհավորական ուղերձ է հրապարակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նովրուզի տոնի առթիվ Twitter-ի իր պաշտոնական էջում թուրքերեն և քրդերեն շնորհավորական ուղերձ է հրապարակել:
«Շնորհավորում եմ գարնան գալուստը խորհրդանշող, մեզ համար (tert.am-նկատի ունի Թուրքիայում), մեր բոլոր տարբերությունները հաղթահարելով, մեր անցյալին ու ապագային միասնական տեր կանգնելու իմաստը կրող Նովրուզի օրը», - գրել է Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցները նախագահի՝ քրդերեն գրված ուղերձը համարել են նշանակալի՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում հիմնականում քրդերի կողմից նշվող Նովրուզը մշտապես ուղեկցվել է բռնաճնշումներով, զանգվածային ձերբակալություններով ու անգամ սպանություններով:
Հայտնի է, որ Էրդողանը Նովրուզի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաև 2006-ին, սակայն այդ ժամանակ բավարարվել էր միայն թուրքերեն տեքստով:
Ինչպես հիշեցնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, 1992 թվականին Նովրուզի տոնակատարությունների ժամանակ քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել էր 24 մարդ: Սպանությունների ու ձերբակալությունների դեպքերը շարունակվել են նաև հետագա տարիներին: Թուրքիայի քրդերի համար առավել նշանակալի էր 2013-ի Նովրուզը, երբ Դիարբեքիրում հրապարակայնորեն ընթերցվեց Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում քուրդ զինյալներին վայր դնել զենքն ու բռնել Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների ուղին:
2016-ին Նովրուզի տոնակատարությունները կրկին արգելվեցին քրդաբնակ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բաթմանը, Շըրնաքը, Դերսիմը, Բինգյոլը: Թուրքիայում «Նովրուզի վերջին զոհը» 2017-ին սպանված քուրդ ուսանող Քեմալ Քորքուտն էր, որը մերժել էր հանրահավաքի տարածք մտնելուց առաջ ոստիկանական խուզարկություն անցնելու պահանջը:










