Հայտնաբերվել է դեղատան աշխատակցուհուն կողոպտած անձը

13:38 • 23.03.19

Մարտի 22-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող դեղատնից դրամապանակ են գողացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր և այցեքարտեր: 

Նույն օրը, ժամը 16.00-ին, Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 28-ամյա Արա Ա․-ի հետ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ նա դեղատան սեղանի վրայից բացահայտ հափշտակել է վաճառողուհու դրամապանակը ու դիմել փախուստի: 

Արա Ա․-ի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է կանացի դրամապանակ, 50.000 դրամ գումար, բանկային քարտեր ու այցեքարտեր:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: