Սանիթեքի հետ պայմանագիրը խզելու և այլ օպերատորի ներգրավելու դեպքում քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի. Հայկ Մարության

12:04 • 23.03.19

Իհարկե քաղաքի մաքրությունը ոչ բավարար ենք համարում. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նշեց, որ իրենք Սանիթեք ընկերությանը նկատողություն են անում:

«Ամենօրյա աշխատանքով կոմունալ վարչությունը ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է սխալները, որ ուղղեն: Ճիշտն ասած, մինչև այս պահը փոփոխություն նկատելի է  բայց իհարկե բավարար չէ»,-ասաց նա:

Իսկ այլ օպերատորի ներգրավելու հարցն ինչ փուլում է, քաղաքապետն ասաց, որ երկրորդ  օպերատորին ներգրավելու համար այս օպերատորի հետ պետք է խզեն պայմանագիրը:

«Բայց այստեղ էլ խնդիր կա, որ եթե խզենք, քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի և այդ պատճառով ընթացակարգերով պետք է խզենք, որ ստացվի»,-ասաց նա:

Հարցին, թե բարձրահարկերի աղբատար խողովակները, հատկապես ամռան ամիսներին, խնդիր է, ի՞նչ են նախաձեռնում այս ուղղությամբ անել, Հայկ Մարությանն ասաց, որ աղբատարները փակելու խնդիրը բնակիչների տիրույթում է, և նրանց համաձայնության դեպքում միայն կարող են փակել:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ: