Երկընտրանքի առջև ենք. մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե բիոէներգետիկայի. Նիկոլ Փաշինյան

11:48 • 23.03.19

Ոչ մի իշխանություն մենակ ոչ մի բան չի կարող անել. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրության աշխատանքներին մասնակցելիս լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե գո՞հ է քաղաքային իշխանության կատարած աշխատանքից, քաղաքը արդյոք պատշաճ մաքո՞ւր է:  

«Դարպասի հետևում ծխուկների շերտ է, ինչ անի քաղաքապետարանը՝ կանգնի կո՞ղքը կամ բոլորին տուգանի՞, ասենք սկսեցին բոլորին տուգանել: Նաև քաղաքացու խնդիրն է, որովհետև ինձ համար սա սեփական ինքնագնահատականի հարց է, պարզ ինքնասիրության հարց է: Նույն խնդիրը կա պիկնիկների տեղերում, գնանք տեսնենք ինչ վիճակ է, ու զարմանալին այն է, որ մարդիկ կարող են գնալ, շուրջն աղբ, հաց ուտեն, աղբը լցնեն ու թողեն գնան»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ տուգանքով հարց չի լուծվում, և լուծումն այն է, որ տեսանք աղբը՝ պետք է կողքով չանցնենք:

«Պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիրն է, հեղափոխությունը վարչապետի փոփոխությունը չէ, քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե առհասարակ Երևանը մաքուր է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն չափով, ինչ չափով, որ պետք է մաքուր լինի, իհարկե ոչ և ոչ միայն Երևանը, այլ ամբողջ հանրապետությունը:

Աղբի վերամշակման կոմբինատի հարցով վարչապետն ասաց, որ մի քանի աշխատանքային խումբ է աշխատում, և պետք է եղած ռեսուրսները հետազոտվեն:  «Հետևյալ երկընտրանքն է.   մեզ աղբի վերամշակման գործարան է պետք, թե բիոէներգետիկայի վրա պետք է ընտրություն կատարել, որովհետև աղբի վերամշակումից այլ բան են ստանում, իսկ մյուսից՝ էնգերգիա, սա ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ պետք է գոյացված աղբի կառուցվածքը ուսումնասիրեն մասնագետները և ասեն՝ որ տարբերակը էֆեկտիվ կլինի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի անգամ ասել է, որ հեղափոխությունը կհասնի իր նպատակին, երբ ժանգոտ մեքենաներից ու կրպակներից կազատվեն. « Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իր կոչին արձագանքել է, և տարբեր տեղերից մեքենաների թափքերը հավաքում են, և ես շատ շնորհակալ եմ իրենց դրա համար»,-ասաց նա:

Իսկ թե Սանիթեքի աշխատանքը ինչպես է գնահատում, Փաշինյանն ասաց՝ վատ:

«Ի՞նչ է, Երևանի քաղաքապետը լա՞վ է գնահատում, ուղղակի այս պահին, եթե ասացինք՝ Սանիթեք, այլևս մի աշխատիր, վատ ես աշխատում, դրանից աղբը շատանալու է, որովհետև երկրորդ օպերատոր չկա: Պետք է Սանիթեքը մրցակցություն ունենա, որ լավ աշխատի, ամեն մենաշնորհ վատ է, մենք այդ ենք ասում»,-ասաց նա: