Իսպանիայի Մայորկա կղզում ալկոհոլի հրապարակային օգտագործումն այսուհետ կտուգանվի

14:04 • 23.03.19

Իսպանական Բալեարյան կղզեխմբի ամենամեծ կղզին համարվող Մայորկայում (Մալյորկա) իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջիկների հարբեցողության դեմ, որոնք այսուհետ ստիպված կլինեն ալկոհոլի չարաշահման համար խոշոր տուգանքներ վճարել:

Ինչպես հայտնում է АТОР-ը, այս տարվա ապրիլի 1-ից Պալմա դե Մալյորկա քաղաքի կենտրոնական և առափնյա շրջաններում կարգելվի ալկոհոլի հրապարակային օգտագործումը, օրենքը խախտողներին սպառնում է մինչև 3000 եվրոյի տուգանք:

Այժմ տեղի բարերը, ակումբներն ու ռեստորանները չեն կարողանա գովազդել ալկոհոլային խմիչքներ, դրանց գովազդային վահանակները մինչ սահմանված ժամկետը պետք է վերացվեն քաղաքի փողոցներից ու ցուցափեղկերից:

Բացի այդ, կղզում այլևս չեն կազմակերպվի «երջանիկ ժամեր» կոչվող խրախճանքները, որոնց ժամանակ իրականացվում էր ալկոհոլային խմիչքների ակտիվ վաճառք՝ տարատեսակ զեղչերով:

Հատկանշական է, որ նոր սահմանափակումները կտարածվեն Պալայա դե Պալմա լողափի տարածքում, ինչպես նաև քաղաքի 4 կենտրոնական գոտում: Մագալուֆ հանգստյան գոտին, որը նույնպես համարվում է զբոսաշրջիկների շրջանում զանգվածային հարբեցողության դեպքերի ակտիվ կետ, նոր սահմանափակումներին ենթարկվող տեղանքի ցուցակում չի ներառվել: