Թրամփը հաստատել է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարած «100 տոկոսանոց» հաղթանակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան ազատագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում զբաղեցրած տարածքների 100 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Նա ԻՊ-ի զինյալներին վախկոտ և ձախողակ է անվանել, սակայն զգուշացրել է, որ չնայած պարտությանը՝ խմբավորումը կարող է ժամական առ ժամանակ կրկին դրսևորել իրեն:
«Մենք զգոնություն ենք պահպանում ԻՊ-ի նկատմամբ՝ համախմբելով համաշխարհային ուժերին ահաբեկչության դեմ պայքարում, մինչև այն լիովին պարտության մատնվի՝ անկախ այն բանից, թե որտեղ է գործում խմբավորումը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Նա նաև դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով նրանց չհավատալ ԻՊ-ի քարոզչությանը:
Ավելի վաղ Սիրիայի դեմոկրատական ուժերի աշխարհազորայինները հայտարարել էին ԻՊ-ի կողմից գրավված վերջին տարածքի ազատագրման մասին:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքերի դուրսբերման մասին: Նա իր որոշումը բացատրել էր ԻՊ-ի ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակով:










