Առանց լիցենզիայի 8 տեղանոց մեքենաների կողմից արվող ուղևորափոխադրումները օրենսդրական բացի հետևանքով է, աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ. Հ. Արշակյան

16:17 • 25.03.19

Մենք այսօր մի խնդրի առաջ ենք կանգնած, երբ որ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են և սկսում են ուղևորափոխադրումներ իրականացնել: Դա օրենսդրական բաց է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Դա պարբերական բնույթ է կրում, նույն տեղից անընդհատ ուղևորափոխադրումներ են կատարում և խանգարում են մրցույթով շահած, լիցենզավորված ընկերություններին: Դա օրենսդրական բաց է իրականում: Հիմա նաև այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի այդ բացը լրացվի և վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղևորափոխադրողներին»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Արմավիր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինի վարորդները դժգոհություն էին հայտնել, որ չեն կարողանում աշխատել անհատ վարորդների պատճառով: Նրանք նշում էին, որ ներդրումներ են կատարել և այժմ սնանկացման եզրին են, իսկ ոստիկանությունը և նախարարությունը ոչինչ չեն ձեռնարկում՝ լիցենզիա չունեցողների կողմից փոխադրումներ իրականացնելու բացառելու համար:

«Բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս: Այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է, բայց այս պահին էլ բավականին լուրջ, ակտիվ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են և աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- հայտնեց Հակոբ Արշակյանը: