Եթե ունենք պապիլոմա վիրուսի համաճարակ, ապա տեղեկացրեք հանրությանը, եթե չունենք, ինչո՞ւ եք պատվաստում համաճարակային ռեժիմով. Գևորգ Գրիգորյանը՝ առողջապահության նախարարին
Այսօր մամուլի ասուլիսին նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը, խորհրդի փաստաբան Պավել Փոլադյանը և Ծնող և «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը անդրադարձան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ գարդասիլի պատվաստման գաղտնի հրամանին:
Մարինա Խաչատրյանը նշեց, որ համացանցում տարածված մի տեսանյութից հայտնի է դարձել, որ «Գարդասիլ 4» պատվաստանյութի հետ կապված հրամանը բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կայքից: «Տարիքային շեմը բարձրացվում է, սակայն 27-45 տարեկանների պատվաստումը հակասում է մի շարք այլ պահանջների: Մեր հանրությանը ապատեղեկատվություն են տրամադրում»,-ասաց նա:
Մարինա Խաչատրյանը նշեց, որ տարածված տեսանյութում երևում է, որ պատվաստումից հետո սրվակները վերացվում են և հարց է առաջանում, թե ինչու: «Պատվաստումները նկարում են և տարածում են նկարները, կոչեր հղում և խուճապ առաջացող տեղեկություններ հայտնում»,-ասաց նա:
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրենք ցանկանում են փարատել հանրության շրջանում եղած կասկածները: «Եթե պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակար է, պետք է պատվաստվեն բոլորը, եթե ոչ՝ մարդկանց չպետք է փորձադաշտ դարձնել: Չեմ կարող ասել՝ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակար է, թե վնասակար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախարարության կողմից համատեղ ասուլիսի հրավերը մերժելուն, նա նշեց, որ չեն ցանկանում վիճել, և կարծում է, որ արդյունքում «շուկայական երկխոսության կվերածվեր ասուլիսը: Գևորգ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահության նախարարության միջոցառումներին ինքը երբեք հրավիրված չի եղել և այնտեղ հրավիրում են միայն հաճոյացողներին:
Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնում մասնագիտական քննարկում կազմակերպել և ծախսերը վերցնել իրենց վրա: «Սա հրավեր է նախարարությանը, մասնագետներին»,-ասաց նա և նշեց, որ ուղիղ եթերում բանավեճային ձևաչափի հրավեր ևս կա:
«Եթե մենք ունենք պապիլոմա վիրուսի համաճարակ, ապա խնդրում եմ՝ տեղեկացրեք իրազեկեք հանրությանը, բայց եթե չունենք այդպիսի համաճարակ, ինչո՞ւ եք իրականացնում պատվաստում համաճարակային ռեժիմով»,-հարց բարձրացրեց «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահը:
Գևորգ Գրիգորյանը նշեց, որ հայտնի չէ, թե ինչ հետազոտություններ են անցկացվում մինչև պատվասումը: «Այստեղ ապատեղեկատվություն է տարածվում, քանի որ նախարարությունից հայտարարում են, թե պատվաստանյութը հակաքաղցկեղային է, լավ կլիներ, որ մարդիկ մանիպուլյատիվ հայտարարության ազդեցությանը չենթարկվեին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ հակաքաղցկեղային պատվաստանյութ աշխարհում գոյություն չունի»,-ասաց նա:
Հայկ Ավազյանը նկատեց, որ թեև նախարարությունը խոսում է կանխարգելման մասին, սակայն ներկայացրեց 2003 թվականի մի փաստաթուղթ՝ մոր և մանկան առողջության պահպանման ռազմավարություն, որտեղ գրված է վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կրճատում մինչև 30 տոկոս: «Եթե կար ռազմավարություն, ուրեմն եղել է նաև ֆինանսավորում»,-ասաց նա և նշեց, որ չնայած այդ ռազմավարությանը՝ հիվանդության դեպքերը չեն նվազել, և հարց է առաջանում, թե ինչպես է ծախսվել այդ ֆինանսավորումը:
Նա ևս համաձայն չէր նախարարության մասնագետների հետ համատեղ ասուլիս իրականացնելու մտքին, և ճիշտ չհամարեց, որ իրենք չորս նախարարության հետ քննարկում անցկացնեին:
Փաստաբան Պավել Փոլադյանը հայտնեց, որ Մարինա Խաչատրյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: «Կետ առ կետ նշվել է այն բոլոր իրավական խնդիրները և բացթողումները, որոնք առկա են «Գարդասիլ 4» պատվաստանյութի հետ կապված»,-ասաց նա և հույս հայտնեց, որ բոլոր ապօրինություններին գնահատական կտրվի: Նա հայտնեց, որ առողջապահության նախարարը ստորագրել է հրաման, որը չի հրապարակվել կայքում և պահվել է հանրությունից գաղտնի:










