Ֆելիքս Ցոլակյանը ԿԽՄԿ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է, որ նախատեսվում է քաղպաշտպանությունն առանձնացնել Փրկարար ծառայությունից

21:11 • 25.03.19

Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և համագործակցության հետագա ուղիները:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության դերակատարությունը և երկու կառույցների միջև համագործակցությունը, որպես քաղաքակրթական բարձր արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն:

Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԻ նախարարն ընդգծել է ԿԽՄԿ-ի և ԱԻՆ-ի միջև իրականացված ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը կատարված ծավալուն աշխատանքի և զգալի ջանքերի ներդրման համար:

Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է չսահմանափակվել նախորդ տարիներին կատարված աշխատանքով և առաջարկեց ապահովել ծրագրերի շարունակականություն, փոխգործակցության ակտիվացում և խորացում:

Նախարարը Քլեր Մեյթրոյին տեղեկացրել է, որ պատրաստվում է օրենքի նախագիծ, որը կսահմանի թե ինչ է աղետը, կհստակեցնի պետական գերատեսչությունների հասցեական պարտականությունները, կսահմանի համապատասխան պաշտոնյաների պատասխանատվությունը:

Նախատեսվում է նաև քաղպաշտպանությունն առանձնացնել Փրկարար ծառայությունից: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ նմանօրինակ օրենսդրական կարգավորումների հարցում Հայաստանը կօգտվի Կարմիր խաչի օրինակելի փորձից:

Քլեր Մեյթրոն, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ցանկություն է հայտնել երկարաձգել ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը և խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

ԿԽՄԿ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը Ֆելիքս Ցոլակյանին նվիրել է մարդու իրավունքների Ժնեևյան կոնվենցիայի հայերեն թարգմանությունը և առաջարկել ԿԽՄԿ փորձի փոխանակումը՝ օրենսդրության բարելավման, մարդու հիմնարար ազատությունների ապահովման հարցերում:

Քլեր Մեյթրոն նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱԻՆ-ին երկրաշարժի ժամանակ մարդու ապահով վարքագիծ դրսևորելու հարցում ուսուցողական գործընթացին աջակցելու համար: