ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է՝ ովքեր են մեղավոր «Շերեմետևո»-ի թռիչքուղու վրա հայ երիտասարդի մահվան համար
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն եկել է այն եզրահանգմանը, որ 2018թ. նոյեմբերին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան պատճառը եղել է ուղևորների գրանցման և վայրէջքի դիսպետչերների խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտումը: Դրա հետևանքով Իսպանիայից արտաքսված 25-ամյա երիտասարդը հայտնվել է թռիչքուղու վրա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տղամարդն ընկել էր ինքնաթիռի շասսիի տակ, ինչը տեղի է ունեցել դիսպետչերների մեղավորությամբ:
Քննիչների համաձայն՝ դիսպետչերներն ուշադիր չեն եղել ու չեն հետևել Եփրեմյանին, որն ավտոբուս նստելու ու դեպի Երևան թռչող օդանավին հասնելու փոխարեն գնացել է դեպի թռիչքուղի: Այնտեղ նա ընկել է օդ բարձրացող Boeing 737-ի տակ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործի քննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ Եփրեմյանն իրեն վատ էր պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված էր եղել կանչել իրավապահ մարմիններին: Ավելի ուշ տղամարդու դին հայտնաբերել էին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա:
Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել էր, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Սակայն որոշում էր կայացվել չընդհատել թռիչքը, քանի որ ազդանշանային համակարգերը որևէ խափանում չէին արձանագրել:
Թռիչքուղի էին ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել էին տղամարդու դի:










