Երկրի ճանաչելիության բարձրացում կամ երկրի մարքեթինգ. Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահը ներկայացրել է զարգացման ուղղությունները (տեսանյութ)
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հրապարակված տեսանյութում Սուսաննա Սաֆարյանը նշում է, որ Զբոսաշրջության կոմիտեին միանալով՝ իրականում իր հետ բերում է մոտավորապես 10 տարվա տուրիզմի բազմաբովանդակ փորձ` որպես նախկին բիզնես սեկտորի ներկայացուցիչ, միջազգային ծրագրի տուրիզմի մասնագետ: «Շատ լավ ծանոթ եմ Հայաստանի տուրիստական ոլորտի և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներին, գիտեմ նաև, թե որոնք են լուծումները: Փորձելու եմ անել հնարավոր և անհնար ամեն ինչ, որ ոլորտում աճ գրանցվի, ու աճը տարբեր սեկտորների վրա երևա»,- նշեց նա:
Վերջինս այս պահին դիտարկում է երեք ուղղություն, որոնք շատ կարևոր են: «Առաջինը՝ երկրի ճանաչելիության բարձրացում կամ երկրի մարկետինգ: Երկրորդը` երկրի ներսում տուրիզմի կա՛մ ենթակառուցվածքների զարգացումն է, կա՛մ խնդիրների լուծում, որոնք տուրիստին անհարմարություն են պատճառում: Մյուս խնդիրն ավելի շատ օրենսդրությանն է վերաբերում»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ եթե ավելի բարձր հարթակներում դիտարկվի, ապա ունենք խնդիրներ, որոնք կարգավորվում են օրենքներով:
«Այս պահին կան օրենքներ, որոնք որոշակի խնդիրներ են առաջացնում, օրինակ, բիզնես սեկտորի ներկայացուցչի համար, օրինակ է նաև ստանդարտիզացիայի բացակայությունը, որի պատճառով մենք չգիտենք՝ տուրիզմի շղթայի ինչն ինչ է: Այսինքն` ունենք հյուրատուն, որակների մասին պատկերացում չունենք, որևէ ստանդարտավորում չունենք, ունենք զբոսավայրեր, որտեղ կրկին ստանդարտավորման հետ խնդիրներ կան:
Այսինքն՝ պետք է հասկանանք` ինչպես կարող ենք բոլոր օղակներին համապատասխան դասակարգում, համապատասխան մոտեցում տալ և ինքներս մեզ համար հասկանալ՝ ինչ ծառայությունների որակ ենք մենք առաջարկում Հայաստանում»,- նշեց նա:
Նա ասաց, որ եթե տուրիստը պետք է դիտարկվի որպես Հայաստանում առաջին անգամ եկող մարդ, ինքը ցանկանում է դիտարկել նաև այն մարդուն, ով նախկինում եղել է Հայաստանում, բայց մոտիվացիա ունի վերադառնալու:










