ԱԺ մաքրուհիները բողոքում են աշխատավարձերի իջեցումից
Լուսանկարը՝ shantnews.am-ի
ԱԺ-ում մաքրուհիներն առավոտը կրկին բողոքում էին՝ պնդելով, որ իրենց աշխատավարձերը անհիմն իջեցրել են։ Նրան շեշտում էին, որ իրենց նախապես չի ասվել, որ աշխատավարձ է իջնելու, ավելին՝ խոստացել էին, որ փոփոխություններն ամենևին աշխատավարձի վրա չեն ազդելու։
Նրանց մոտեցել էին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ խմբակցությանն քարտուղար Արման Աբովյանը։
«Նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են, մենակ ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», - բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:
Էնֆիաջյանն էլ, լսելով մաքրուհիներին, հորդորեց կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խնդրի շուրջ խոսել նրանց հետ:
Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:
Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամում ապահոված մաքրուհիներին վճարվել է 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որը իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:










