ՀՌԱՀ-ի անդամների առաջադրումը ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը. Տիգրան Պասկևիչյան

19:46 • 26.03.19

Երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր հաստիքի մրցույթում առաջադրվածների ցուցակը հրապարակվեց, անկեղծ ասած, ինձ համար շատ տարակուսելի էր այն հանգամանքը, որ առաջադրվել են ՀՌԱՀ-ի առնվազն 3 անդամ՝ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և հանձնաժողովի անդամներ Գագիկ Բունիաթյանը և Արմեն Մկրտչյանը: Ինձ անհանգստացրեց այն, որ սրանով խախտվում են էթիկայի կանոնները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը:

Պասկևիչյանը կարծում է, որ այս հանգամանքը կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը. «Մինչև մրցույթը, հայտարարվում էր՝ մրցույթի կազմակերպման գործը պետք է անի ՀՌԱՀ-ը, հետո տեսնում ենք, որ ՀՌԱՀ-ի նախագահը և ևս երկու անդամներ ներկայացված են թեկնածուների ցանկում: Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ստվեր գցել մրցույթի անաչառության վրա: Առհասարակ, Հայաստանում մրցույթները մեծ հեղինակություն չեն վայելում, և ես հույս ունեի, որ այս առիթը պետք էր օգտագործել անբիծ ընտրություն անցկացնելու համար»:

Հարցին, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին ընտրելու է անկախ հանձնաժողովը, այս պարագայում և՞ս կարող է լինել անաչառության խնդիր, Պասկևիչյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հավասարակշռություն, կարգավորման մեխանիզմն է խախտվել: Այո՛, հանձնաժողովը պետք է ընտրի, բայց եթե ՀՌԱՀ-ի հանձնաժողովից մարդիկ են առաջադրվում, որոնք այս պարագայում ունեն գերակա դիրք, որքանո՞վ է հանձնաժողովը կլինի չկաշկանդված»:

Պասկևիչյանը նկատում է՝ ՀՌԱՀ-ի անդամները ևս իրավունք ունեն առաջադրվելու, բայց եթե կա նման ցանկություն, ապա պետք է հրաժարվել ՀՌԱՀ-ում զբաղեցրած պաշտոնից. «Տիգրան Հակոբյանն իմ լավ բարեկամն է, ընկերն է, բայց ես  ամեն անգամ Հայաստանում անցկացվող մրցույթներում տեսնում եմ այս խնդիրը»:

Ռեժիսորը հույս է հայտնում, որ եթե ՀՌԸ խորհրդի նախագահի ընտրությունը անաչառ լինի, ապա Հանրայինը իրապես կլինի հանրային. «Շատ կարևոր է, որ ով էլ ընտրվի, նրան հնարավորություն տրվի լիարժեք կերպով իրագործելու իր գաղափարներն ու ծրագրերը: Նա չպետք է կաշկանդված չլինի նախկինում  եղածով»:

Նշենք, որ մինչև մրցույթում առաջադրվածների անունները հրապարակվելը, մամուլում շրջանառվում էր, որ Տիգրան Պասկևիչյանը ևս առաջադրվելու է մրցույթում, սակայն մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ի սկզբանե ցանկություն չի ունեցել մասնակցել մրցույթին.

«Իմ անվան շրջանառությունը կապված էր որոշ մարդկանց տրամաբանական ենթադրությունների և որոշ մարդկանց ցանկությունների հետ: Երկու դեպքում էլ շնորհակալ եմ, որ ինձ չեն մոռացել: Բայց ես չէի պատրաստվում առաջադրվել, որովհետև այս ոլորտում ղեկավարելու խնդիր չեմ տեսնում: Ինձ համար ավելի կարևոր է, որ այդ հանրային ոլորտը լինի բաց և բոլորի համար հավասարապես բաշխված: Անցախ տարիներին, մենք, լինելով ստուդիա, երբևէ որևէ պատվեր չենք ստացվել, մեր արտադրանքները երբևէ Հանրային հեռուստաընկերությամբ չեն ցուցադրվել: Կար խտրականություն: Ինձ համար՝ առաջին հերթին կարևոր է, որ Հանրային հեռարձակման ոլորտը բաց լինի, որ մենք էլ կարողանանք օգտվել դրանից»:

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:

Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ ներկայացրել են հետևյալ թեկնածուները.

1. Լևոն Դավթյան

2. Համլետ Ղուշչյան

3. Հովհաննես Թովմասյան

4. Արթուր Բախտամյան

5. Սամվել Գաբրիելյան

6.Մեսրոպ Մովսեսյան

7. Արա Շիրինյան

8. Վարդկես Ավետիսյան

9. Վահրամ Քոչարյան

10. Արամ Սուքիասյան

11. Արմեն Մկրտչյան

12. Տիգրան Ռշտունի

13. Արայիկ Մանուկյան

14. Տիգրան Հակոբյան

15. Իրինա Բարսեղյան

16. Մովսես Գասպարյան

17. Հարություն Բերբերյան

18. Լավրենտի Միրզոյան

19. Նունե Էլմասյան

20. Թամարա Գևորգյան

21. Գագիկ Բունիաթյան

22. Կարինե Հակոբյան

23. Վլադիմիր Հայրապետյան