Նախարարության անգործության հետևանքով՝ Երևան-Արմավիր-Երևան ուղղությունը սպասարկող ընկերությունն այս պահին դադարեցրել է գործունեությունը. ՍՊԸ տնօրեն (լուսանկարներ)

16:08 • 26.03.19

Մենք բազմիցս դիմել ենք թե՛ Կապի և տրանսպորտի նախարարությանը, թե՛ այլ լիազոր մարմինների, սակայն շարունակվում են խախտվել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի իրավունքները և չեն դադարում Երևան-Արմավիր-Երևան երթուղում ապօրինի իրականացվող ուղևորափոխադրումները:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:

Նշենք, որ կազմակերպությունը 2014 թ.-ից, հաղթելով նախարարության հայտարարած մրցույթը, կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում Երևան-Արմավիր-Երևան երթուղով: Ընկերության սպասարկմանն է հանձնված նաև միջմարզային թիվ 206 Երևան-Արմավիր-Երևան ավտոբուսային երթուղին, ինչպես նաև միջմարզային թիվ 207 միկրոավտոբուսային երթուղին, որոնց չվացուցակը հաստատված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:

Ընկերության տնօրենի խոսքով՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը միջմարզային 206 և 207 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ուղղությամբ նոր երթուղիների մրցույթ է հայտարարել և այլ կազմակերպություններ, այլ  ուղղություններ սպասարկելու անվան տակ, սպասարկում են Արմավիր-Երևան երթուղին՝ ավելի մատչելի, սակայն ավելի վատ պայմաններում. «Սրա արդյունքում՝ ընկերությունը չվացուցակին համապատասխան ուղևորափոխադրումներ իրականացնելիս վնասներ է կրում, քանի որ ուղևորների թիվը պակասել է. ուղևորները նախընտրում են ավելի մատչելի, սակայն ավելի վատ պայմաններով երթևեկել»:

Ընկերության փաստաբան Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ այս հարցով ընկերությունը դիմել է իրավասու մարմիններին. «Մենք մեր իրավունքների պաշտպանության և իրականացվող ապօրինությունների վերաբերյալ բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել համապատասխան մարմինների, որոնք, ըստ էության, մնացել են անարդյունք. Ապօրինությունները դեռևս շարունակվում են»:

Նրա խոսքով՝ նախկինում ևս նմանատիպ խնդիրներ եղել են, սակայն ընկերության տնօրինությունը կարողացել է այն հեշտությամբ հարթել: Ասում է՝ հեղափոխությունից հետո պատկան մարմինների անգործության հետևանքով առաջացած կազուսային իրավիճակը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների, ընդհուպ այն բանին, որ այս պահին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը:

Ընկերության տնօրենի խոսքով՝ այս պահին 26 վարորդ կառավարության շենքի դիմաց գործադուլ և բողոքի ակցիա է իրականացնում. «Վարորդներն այս պահին գիծ դուրս չեն գալիս: Մենք բողոքի ակցիան շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև այս խնդիրը չլուծվի»:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը կարծում է՝ իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել: Հանդիպում են խնդրում. վստահ են՝ 10 րոպեի ընթացքում կարող են ներկայացնել իրավիճակը. «Ես այստեղ, նախ և առաջ, պատկան մարմինների անգործություն եմ տեսնում, հետո՝ միտում: Ես սա գնահատում են նաև որպես ռեկետ: Մեկ տարի անընդհատ դիմես տարբեր մարմինների, ոչինչ չանեն այնքան ժամանակ, մինչև փակվե՞ս»: