Խոշոր վթար Նուր-Սուլթանում. ավտոբուսների բախման հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)
Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 36-ը տուժել են, հաղորդում է tellerreport.com-ը:
Խաչմերուկում իրար են բախվել երկու ավտոբուս, որից հետո շղթայական վթարի մեջ են հայտնվել ևս մի ավտոբուս, շտապօգնության մեքենա ու մի քանի մարդատար ավտոմեքենա:
Զոհերից մեկն ավտոբուսի 66-ամյա վարորդն է, մյուսը՝ 26-ամյա ուղևորուհին: Վթարի հետևանքով տուժածներից 23-ը հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից 3-ը վիրահատության են ենթարկվել, ևս 4-ը պատրաստվում են վիրահատության:
Քաղաքային վարչակազմի ղեկավար Բախիթ Սուլթանովը ակիմատի (տեղական գործադիր մարմին – Tert.am) նիստին խորին ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ խոստանալով աջակցություն ցուցաբերել զոհերի ընտանիքներին:
Վթարի պատճառներն ու մանրամասները պարզելու համար հետաքննություն է ընթանում:














