Կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպես ենք վերահսկելու. Անի Սամսոնյանը` կուրսայինների և դիպլոմայինների վաճառքի գովազդն արգելելու մասին

14:23 • 26.03.19

ԱԺ-ում դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագծի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ օրենքի նախագծում նշվում է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ, բայց պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ ևս, որոնք անտեսանելի են:

Նա հիմնական զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերահսկվելու դաշտը, քանի որ հնարավոր է, օրինակ, թռուցիկներ բաժանվեն:

Բացի այս, պատգամավորը հարցրեց, թե ինչ իմաստ ունի հիմա քննարկել այս օրենքի նախագիծը, եթե պատգամավորը նպատակ ունի ընդհանրապես արգելել այս կազմակերպությունների գործունեությունը: «Լավ, կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպես ենք վերահսկելու»,- ասաց նա:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սա ամբողջ աշխարհում է խնդիր: «Ես հակված չեմ մտածել, որ այս հարցը մեկ կամ երկու օրինագծով ընդհանրապես վերանալու է: Աշխարհի զարգացած համալսարաններում պլագիատի դեպքեր ևս հայտնաբերվում են, բայց այնտեղ խիստ են պատիժները, պլագիատի հայտնաբերման դեպքում ուսանողը միանգամից հեռացվում է բուհից»,- ասաց նա:

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ հակված չէ կարծելու, որ հնարավոր է հարցը մեկընդմիշտ լուծել և նշեց, որ խնդիրը բուհերի դաշտում է :

Սամսոնյանն էլ է համամիտ , որ շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում: «Այստեղ էներգիա և ջանք ենք թափում հակապլագիատային քաղաքականության վրա ինչ-որ ազդեցություն ունենալու համար, բայց մենք այդ ջանքերը կարող ենք ուղղել բուհերում կրթության նկատմամբ ուսանողների մոտիվիացիան, կրթության որակը բարձրացնելուն»,- ասաց ԱնիՍամսոնյանը:

Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ համամիտ է հնչեցված կարծիքի հետ, և որ մեկ անգամ չէ, որ հորդորել է այս հարցով ջանքեր ու եռանդ չխնայել:


Ամալյա Առաքելյան