Երբեք չեմ զբաղվել դեմագոգիայով, նման հակում չեմ ունեցել և հիմա էլ չունեմ. ԼՀԿ-ի պատգամավորը` ԱԺ նախագահին

15:24 • 26.03.19

«ԼուսավորՀայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում արձագանքեց ԱԺ նախագահ ԱրարատՄիրզոյանի հայտարարությանը:

«Կենսաթոշակի նվազագույն շեմի սահմանման հարցի քննարկման ժամանակ ես հնչեցրեցի մի հարցադրում, որն ուղղված էր կառավարության ներկայացուցչին: Ես հարցրեցի` արդյոք կառավարությունն իրականացրել է հաշվարկներ և ինչքան գումար է անհրաժեշտ, որ հիմնական կենսաթոշակը հավասարեցվի նվազագույն կենսաթոշակին»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ կառավարության ներկայցուցիչն էլ ներկայացրեց բավականին մեծ թիվ:

«Ձեր կողմից հնչեցվեց մեղադրանք, թե զբաղվում ենք դեմագոգիայով: Ես ձեզ վստահեցնում եմ, որ երբեք չեմ զբաղվել դեմագոգիայով, նման հակում չեմ ունեցել և հիմա էլ չունեմ: Չգիտեմ`որքանով ինձ էր ուղված թե չէ, ստիպված եմ արձագանքելու: Տեղին չեմ համարում մեղադրել գործընկերներին մի բանում, որն առհասարակ չկա»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես պետք է իրենք քվեարկեն նախագծին, պատգամավորը նշեց, որ նվազագույն կենսաթոշակի սահմանումը և այդ հարցի լուծումը, որն ուղղված է  ծայրահեղ աղքատության նվազեցմանը, որևէ ձևով չի կարող նսեմացնել այդ նախագծի արժեքը, հատկապես, երբ այն հեղինակվել է Մանե Թանդիլյանի կողմից:

«Քավ լիցի, ոչ միայն ձեզ, այլ որևէ մեկ այլ պատգամավորին ուղղված մեղադրանք ես չեմ հնչեցնում և ինչպես դուք, այնպես էլ 131 մնացյալ պատգամավորները սահմանված ընթացակարգի շրջանակում այս ամբիոնից կարող են խոսել ինչի մասին ուզում են»,- արձագանքեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն իր ելույթում զարմանք և տարակուսանք էր հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով քննարկվում է նվազագույն կենսաթոշակը 25 500 դրամ սահմանելու նախագիծը:


Ամալյա Առաքելյան