«Թող ժամանակ անցնի». Ղազախստանում մեկնաբանել են մայրաքաղաք Աստանայի անվանափոխության շուրջ ստեղծված իրավիճակը

14:57 • 26.03.19

Ղազախստանի կապի և հաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, խոսելով մայրաքաղաքի անվանափոխության շուրջ առաջացած տարակարծությունների՝ այդ թվում բացասական արձագանքի մասին, ասել է, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդիկ սովորեն նոր անվանը, գրում է РИА Новости-ն:

«Պետք է խոստովանել, որ անվանափոխությունը լուրջ տարակարծությունների տեղիք տվեց, եղան նաև բացասական հայտարարություններ, բայց եկեք այսպես անենք. բոլոր այդ գործընթացների համար ժամանակ է հարկավոր: Թող ժամանակ անցնի, և մենք կտեսնենք այդ ամենի ամբողջ պատկերը»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ Աքմոլայի (մայրաքաղաքի նախկին անվանումներից – Tert.am) անվանափոխումը նույնպես նման արձագանքներ էր առաջացրել, սակայն «անցել է ժամանակ, և բոլորը սկսել են սիրել «Աստանա» բրենդը»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ղազախստանի ոստիկանության աշխատակիցները ճնշել էին ընդդիմադիրների չարտոնված զանգվածային հավաքը, որի մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ մտցնել և բողոքում էին մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան անվանափոխելու դեմ: Հաղորդվել էր, որ բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

Սակայն երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ Ղազախստանում մայրաքաղաքի անվանափոխման վերաբերյալ տարակարծությունների պատճառով ոչ մի ձերբակալություն չի եղել:

Օրեր առաջ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան անվանակոչելու մասին որոշումը՝ չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքին: