ԱԺ-ում քննարկվում է դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագիծը. ուղիղ
Ազգային ժողովն այսօրվա հերթական նիստում շարունակում է քննարկել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է արգելել դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, հարցի քննարկման ժամանակ ներկայացնելով նախագիծը, ասաց, որ տարիներ շարունակ ինչ-որ օֆիսներ վաճառել են դիպլոմայիններ, կուրսայիններ և դրանով իսկ ազդել են կրթության որակի վրա:
Նա նշեց, որ իրականում խնդիրը բազմաշերտ է, որովհետև այն չպետք է օրենսդրական կարգավորում ստանար: «Եթե մեր բուհերն ունենային նորմալ հակապլագիատի գործիքներ, այս խնդիրը չէր առաջանա: Բուհերի հետ բազմաթիվ քննարկումներս ցույց են տվել, որ շատ բուհեր և բուհի ղեկավարներ չունեն այդ գիտակցումը, որ պետք է ներդնեն հակապլագիատի գործիքներ: Ես նրանց նաև ճանապարհն եմ նշել, որ պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և այդտեղ տեղադրել հակապլագիատի գործիքներ,երբ ուսանողը ներբեռնի աշխատանքը, ապա պլագիատը միանգամից հայտնաբերվում է»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշեց, որ օրենքի նախագծում նշվում է, որ պետք է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ։ Սակայն, ըստ նրա, պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ ևս, որոնք անտեսանելի են:









