Երևանում վերաբացվելու է Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակը
Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը մարտի 25-ին միաձայն հավանություն է տվել սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե՛ հանրապետական, թե դեմոկրատ սենատորները: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Նախագծի քննարկումներին մասնակցել է հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ է ներկայացրել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:
«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս՝ իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆոռնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշել է Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնել սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:
«Հայաստանը կարևոր առևտրային գործընկեր է Կալիֆոռնիայի համար, որի հետ հաստատվել են ամուր և մնայուն հարաբերություններ: 302 բանաձևը համակարգային բնույթ կհաղորդի առևտրատնտեսական կապերին: Սենատում ներկայացնելով ամենահայաշատընտրաշրջանը՝ ես անչափ ուրախ եմ, որ այս օրենսդրական նախագիծը առաջխաղացումունեցավ սենատում»,- իր ելույթում նշել է սենատոր Պորտանտինոն:










