Եթե կան էական վերապահումներ, ապա կոչ եմ անում, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նվազագույն կենսաթոշակը 25 500 դրամ սահմանելու նախագծին դեմ քվեարկեն. Ա. Միրզոյան

13:18 • 26.03.19

Ուզում եմ իմ զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը, անկեղծ ասած` իսկապես զարմացած եմ. այս մասին ԱԺ նիստում նվազագույն կենսաթոշակը 25 500 դրամ սահմանելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կառավարությունը բերել է նախագիծ, որով իքս թվով մարդկանց հարց է հնչում և հնչում են քննադատություններ` բա էն մնացա՞ծը, բա ինչի՞ 10 տարվա և 12 տարվա ստաժ ունեցողների միջև անհավասարություն է առաջանում»,- ասաց ԱԺ նախագահը:

Միրզոյանը շեշտեց, որ, այսպես թե այնպես, չաշխատած մարդը, մեկ ամիս աշխատած մարդը, տասը տարի աշխատած մարդը ստանում է նույն կենսաթոշակը, հիմա այդ շեմը երկու տարով ավելացվում է: «Անարդա՞ր է, այո, տասը տարի աշխատածը և 12 տարի աշխատածն իրավունք ունեն տարբեր թոշակներ ստանալ, բայց կա մի նվազագույն շեմ, որից ներքև էական չէ` ով քանի տարի է աշխատել: Այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդ աշխատել է մեկ տարի, թե 10 տարի, իրավունք ունի ապրել, ինչ-որ նվազագույն ծախսեր հոգալ: Այս օրենքի նախագիծը սրա մասին է»,- նշեց նա և հավելեց. «Ես հասկանում եմ, որ տեսախցիկների առաջ հաճելի է ունենալ, ներեցեք այս բառի համար, դեմագոգիկ ելույթներ: Ես կարող եմ նույն հաջողությամբ առաջարկել, որ դուք հնչեցնեիք, իսկ ինչի՞ չի սահմանվում 100 հազար դրամ, 300 հազար դրամ, մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով և այսպիսի բազմաթիվ այլ հայտարարություններ»:

Արարատ Միրզոյանն առաջարկեց այսուհետ մի քիչ ավելի սթափ և սառը վերաբերվել նմանատիպ հարցերին: «Երկու ամսվա կառավարությունը միանշանակ հսկայական դրական քայլ է անում, և սա պետք է արձանագրվի: Եթե կան այդպիսի էական վերապահումներ, ապա կարող եմ կոչ անել իմ անունից, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն այս նախագծին դեմ քվեարկեն»,- եզրափակեց ԱԺ նախագահը

Ամալյա Առաքելյան