Հայաստանն աշխարհի անձնագրերի վարկանշային աղյուսակում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 78-րդ տեղում
Henley & Partners գործակալությունը հրապարակել է աշխարհի անձնագրերի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը բարելավել է դիրքերը:
Հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնց անձնագրերը թույլ են տալիս տվյալ երկրի քաղաքացիներին առավելագույն թվով երկրներ այցելել առանց վիզայի ձևակերպման:
Մարտի դրությամբ Հայաստանը ցուցակում 78-րդն է, ինչը նշանակում է, որ 2018թ.-ի վերջի համեմատ մեր երկիրը բարելավել է դիրքերը 2 հորիզոնականով: Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 62 երկիր այցելել:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի 190 երկիր այցելել: Հետևում են Սինգապուրը և Հարավային Կորեան՝ 189 երկիր: Աղյուսակը շարունակում են եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Ֆինլանդիա, Իտալիա, Շվեդիա, Լյուքսեմբուրգ, Իսպանիա և այլն:
Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 49-րդ (114 երկիր), Թուրքիան` 50-րդ (110 երկիր), Ադրբեջանը՝ 73-րդ (67 երկիր) և Իրանը՝ 97-րդ (41 երկիր) տեղում:
Հարյուր չորս հորիզոնականից բաղկացած աղյուսակում վերջինն Իրաքն է. այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել ընդամենը 30 պետություն:










