Բաշկորտոստանում ծննդատան բժիշկները չեն կարողացել զսպել ծիծաղը՝ տնօրենից լսելով իրենց պաշտոնական աշխատավարձերի չափը (տեսանյութ)
Բաշկորտոստանի Սալավաթ քաղաքի ծննդատան բժիշկները չեն կարողացել զսպել ծիծաղը, երբ լսել են իրենց պաշտոնական աշխատավարձերի չափը:
Ինչպես նշում է 5-tv.ru կայքը, միջադեպը տեղի է ունեցել բժիշկների՝ ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Նատալյա Եվդոկիմովայի հետ հանդիպման ժամանակ:
Եվդոկիմովան հետաքրքրվել է բուժհաստատության աշխատակիցների աշխատավարձերի չափից: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբինա Ֆատիխովայի ընթերցած զեկույցի ժամանակ բժիշկները սկսել են ծիծաղել, իսկ ոմանք էլ նույնիսկ ծափահարել են:
«Նեոնատոլոգների աշխատավարձը 66 500 ռուբլի է, մանկաբարձուհիներինը՝ 35 400, իսկ մանկական բուժքույրերինը՝ 29 500»,-ասել է ծննդատան վարիչը:
Ավելի ուշ Ֆատիխովան մանրամասնել է, որ աշխատակիցների ծիծաղը «հանրության համար արված քայլ» էր:
«Սեփական հույզերն ի ցույց դնելը նրանց իրավունքն է: Դա նախապես ծրագրված սցենար էր»,-հայտարարել է գլխավոր բժիշկը:
Աղբյուրը հավելում է, որ վերջին մեկ տարում այստեղի բժիշկները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, սակայն դեռևս ապարդյուն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










