Օմանի ծոցում բախվել են գազատար և նավթատար լցանավերը
Հեղուկ գազ տեղափոխող Aseem լցանավը հանգստյան օրերին բախվել է Shinyo Ocean խոշոր նավթային լցանավին: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, բախումը տեղի է ունեցել Օմանի ծոցում՝ «Ալ-Ֆուջեյրա» նավահանգստի մոտակայքում:
Աղբյուրի տվյալներով՝ Shinyo Ocean լցանավը կողային հատվածում հսկայական ճեղք է ստացել ջրագծի գրեթե ողջ երկարությամբ: Ականատեսները նշել են, որ ծուխ են նկատել, սակայն հրդեհի մասին հաղորդում չի ստացվել: Գազատար լցանավի մոտ վնասվել է քթային հատվածը:
Բախումից հետո գազատարը խարիսխ է գցել, իսկ նավթատարը փոխել է ուղղությունը: Այսօրվա դրությամբ՝ երկու լցանավն էլ նույն տեղում են կանգնած:
Նշվում է, որ գազատարը նավարկելիս է եղել Մալթայի դրոշի ներքո և առանց ուղեբեռի: Այն Հնդկաստանից ուղևորվելիս է եղել Քաթար և Օմանի ծոց մտել է լիցքավորման համար:










