Աննա Հակոբյանի գրասենյակը պարզաբանում է՝ ինչու Դավոսի տնտեսական ֆորումի պաշտոնական կայքում ներկայացված հրավիրվածների ցուցակում չկա նրա անունը

20:43 • 27.03.19

Աննա Հակոբյանի գրասենյակը, ի պատասխան Tert.am-ի հարցմանը, պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքում Հայաստանից հրավիրվածների ցանկում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Աննա Հակոբյանը, մինչդեռ, հայտարարել էր, որ ֆորումի կազմակերպիչները պաշտոնապես հրավիրել են նաև իրեն:

Աննա Հակոբյանի գրասենյակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ վարչապետը ստացել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի հրավերը՝ մասնակցելու Դավոսում կայանալիք ամենամյա համաժողովին: Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի անունից պետությունների ու կառավարությունների ղեկավարներին և այլ բարձրաստիճան անձանց հղված հրավերները վերաբերում են նաև հրավիրվող անձի տիկնոջը (ամուսնուն): Այդպիսին են այդ համաժողովի կազմակերպման կանոնները: Այցից առաջ վարչապետի աշխատակազմը հրավերի մասին ստացել էր լրացուցիչ հավաստիացում կազմակերպիչներից»:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պաշտոնական հրավեր է ստացել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել է ամուսնուն ֆորումի շրջանակում, սակայն ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով` չի կարողացել մասնակցել:

Օրերս Politik.am կայքը հրապարակել էր նյութ՝ պնդելով՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ստացել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից: Հրապարակման համար հիմք էր հանդիսացել այն, որ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտելու՝ որ երկրից քանի հոգի է հրավիրված եղել ֆորումին, նրանցից քանիսն են կին, քանիսը՝ տղամարդ: Ըստ ֆորումի կայքի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ՝ արական սեռի։ Այսինքն՝ այս պարագայում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա: