Ինձ նման բան չի հետաքրքրել, ես եկել եմ Երկրապահը կարգավորեմ. Սասուն Միքայելյանը՝ թեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին  

14:52 • 27.03.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքը հավակնում է Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի  նախագահի պաշտոնը զբաղեցնել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ պարզապես թյուրըմբռնում է եղել։

«Ես երբեք նման քայլի չեմ գնա, նման հարց էլ չի եղել»,- ասաց նա։

Միքայելյանը ներկայացրեց, որ դեռևս Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահ լինելու ժամանակ, Թեքվոնդոյի ֆեդերացիային ԵԿՄ-ում տարածք է հատկացվել։ Նրա խոսքով՝ այս ֆեդերացիայի առկայությունն օգուտ է տվել այնքանով, որ պատանի ԵԿՄ-ականների հետ պարապմունքներ են անցկացվել, ինչպես նաև մեծ հաջողություններ են ունեցել։

«Հիմա ֆեդերացիան ցանկանում է նորից համաժողով անել, մինչև մայիս էլ պետք է  դուրս գան ու աշխարհի մրցումների մասնակցեն։ Հիմա ամեն կողմից 5 հոգի արդեն ընտրվել է՝ սպորտի նախարարության հետ համատեղ, և ով առաջին տեղ ունենա, կմասնակցի թեքվոնդոյի աշխարհի մրցումներին։ Սա է քննարկվել»,- մանրամասնեց Միքայելյանը։

Հարցին, եթե ֆեդերացիան ձեր թեկնածություն առաջադրի նախագահի պաշտոնի համար, կընդունե՞ք, պատգամավորը պատասխանեց․ «Ինձ երբեք նման բան չի հետաքրքրել, ես եկել եմ Երկրապահը կարգավորեմ, եթե, իհարկե, ընտրվեմ»։