«Շերեմետևո» օդանավակայանի աշխատակցուհուն հեռացրել են աշխատանքից անպարկեշտ ժեստ ցույց տալու համար

20:30 • 27.03.19

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակցուհուն հեռացրել են աշխատանքից ուղևորի հանդեպ «անարգանքի և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման» համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության կայքում:

Ավելի վաղ ռուսական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր ուղևորներից մեկի և VIP-սրահի պատասխանատուի միջև հակամարտության հետևանքով ծագած սկանդալի մասին: Տղամարդը գովազդային-տեղեկատվական թռուցիկը բիզնես-սրահի հրավերի տեղ է ընդունել, որին օդանավակայանի աշխատակցուհին բացասական պատասխան է տվել: Վերջինս պարզաբանել է, որ ծառայությունը վճարովի է և առաջարկել է այն ձեռք բերել սահմանված սակագնով:

Ուղևորը չի հետաքրքրվել այդ պայմաններով, սակայն ավելի ուշ վերադարձել է աշխատակցուհու մոտ և փորձել ապացուցել, որ թռուցիկը հիմք է հանդիսանում VIP-սրահ մտնելու համար: Ի պատասխան՝ պատասխանատուն հաճախորդին անպարկեշտ ժեստ է ցույց տվել, որն ուղևորը հասցրել է լուսանկարել և հրապարակել սոցցանցում: 

Ընկերությունից արձագանքել են միջադեպին և ներողություն հայցել ուղևորից: Օդանավակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել աշխատակցուհուն: