Ֆլորիդայում էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 33 000 բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից (տեսանյութ)

10:50 • 27.03.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ավելի քան 33 000 բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից՝ տեղի էլեկտրական ենթակայանում գրանցված պայթյունի պատճառով, հաղորդում է Miami Herald-ը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել նահանգի Բրոուարդ շրջանում: Florida Power & Light էլեկտրամատակարարող ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին երեկոյան առանց էլեկտրաէներգիայի է մնացել 22 000 սպառող: Նրանց թիվը, սակայն, շուրջ մեկ ժամ անց նվազել է մինչև 14 000:

Բացի այդ, էլեկտրաէներգիայի մասնակի անջատում է եղել Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:

Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով հարկադիր տարհանում է իրականացվել Broward կատարողական արվեստների կենտրոնից, որտեղ այդ ժամանակ ընթանում էր «Թանկագին Էվան Հանսեն» մյուզիքլի պրեմիերան:

Նշվում է, որ պայթյունի պատճառ է դարձել կայծակը, որը հարվածել է ենթակայաններից մեկին, ինչից հետո հրդեհ է առաջացել: