Կարակասում անհայտ անձինք հարձակվել են Խուան Գուաիդոյի մեքենայի վրա (տեսանյութ)

09:57 • 27.03.19

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անհայտ անձինք հարձակվել են իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի մեքենայի վրա, այս մասին տեղեկանում ենք VPI TV-ի թվիթերյան էջից:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ընդդիմության առաջնորդի մեքենան ընթանում փողոցով: Լուսացույցի տակ կանգնած լինելու ժամանակ անհայտ անձը մոտենում է մեքենային, փորձում բացել դուռն ու ոտքով հարվածում դրան:

Այնուհետև մեքենան կրկին շարժվում է, իսկ փողոցում կանգնած մարդիկ սկսում են տարբեր իրեր նետել մեքենայի ուղղությամբ:

Դեպքին արդեն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը դատապարտել է վենեսուելական ընդդիմության առաջնորդի դեմ հարձակումն ու հայտարարել, որ նման կերպով իրենց հակառակորդները չեն կարող հետաձգել անխուսափելին, այն է՝ «ժողովրդավարության խաղաղ վերականգնումն ու Վենեսուելայի ժողովրդի բարգավաճումն ու կայունությունը»: