Նոր Զելանդիայում տարօրինակ հանգամանքներում մահացել է մզկիթներում իրականացված ահաբեկչության գործով կասկածյալներից մեկը

15:35 • 27.03.19

Նոր Զելանդիայում տարօրինակ հանգամանքներում մահացել է մարտի 15-ին Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու կյանք խլած ահաբեկչությանը մասնակցության համար կասկածվող անձանցից մեկը: Այս մասին գրում  է NZ Herald-ը:

Հիսունչորսամյա տղամարդը ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել տեղի բնակիչների հաղորդումից հետո, ըստ որի՝ տղամարդը տարօրինակ պահվածք է դրսևորել: Խուզարկության արդյունքում տղամարդու տանը զենքի պահեստ են հայտնաբերել:

Տանտերը թաքնվել է ոստիկանությունից, իսկ ավելի ուշ նրան հայտնաբերել են Քրայսթչերչ քաղաքի արվարձաններից մեկում կայանած ավտոմեքենայում: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության գրոհային խմբեր և ուղղաթիռ:

Երեք ժամ տևած բանակցություններից հետո տեղի ժամանակով առավոտյան 4:30-ին ոստիկանները, մոտենալով մեքենային, նկատել են, որ տղամարդն արնահոսում է: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

Խուզարկության ժամանակ ավտոմեքենայում դանակ է հայտնաբերվել: Ավելի ուշ տղամարդու հայրը գնացել է ոստիկանական բաժանմունք և հայտարարել, որ իր որդին ո՛չ ահաբեկիչների և ո՛չ էլ ռասիստների հետ որևէ առնչություն չի ունեցել, չնայած հետաքրքրված է եղել զինատեսակներով:

Ոստիկանությունում հաստատել են, որ առայժմ հանգուցյալի՝ մարտի 15-ի ահաբեկչությանը մասնակցության վերաբերյալ ոչ մի ապացույց չկա, սակայն նա «հետաքննության կարևոր մաս» է համարվում:

Հիշեցնենք, որ ներկա պահին ահաբեկչության գլխավոր կասկածյալը 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտն է, որն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ: Տարանտի գործով հաջորդ դատական լսումը նշանակված է ապրիլի 5-ին, իսկ մինչ այդ նա կալանքի տակ է պահվում: