Հայրենիք ներգաղթած 15 313 մարդու 90%-ը ՀՀ քաղաքացի են կամ ազգությամբ հայեր. վարչապետ

15:25 • 27.03.19

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե հաշվետու ժամանակահատվածում հայրենիքը լքած քանի քաղաքացի  է վերադարձել:

«Ձեր ներկայացված ծրագրում որպես ներգաղթ ներկայացված է 15 313 քաղաքացի, բայց գիտենք որ 2018թ-ին ներգաղթ են ունեցել օտարազգի քաղաքացիներ՝ Հնդկաստանից, Պակիստանից: Ունե՞նք տվյալներ, թե հայրենիքը լքած քաղաքացինե՞րն են վերադարձել, որովհետև նույն պակիստանցիների 30 000 թիվ է շրջանառվում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման թիվը վերցրել են պաշտոնական վիճակագրությունից՝  ժամանումների ու մեկնումների տարբերությամբ և հավելեց, որ նախնական վերլուծությամբ նրանց 90%-ը ՀՀ քաղաքացիներ են կամ ազգությամբ հայեր:  

«Վստահ չեմ, որ Պակիստանից այստեղ եկող քաղաքացիներ ունենք, Հնդկաստանից է և դա նրանից է, որ մենք Հնդկաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացում ենք արել, նաև Ֆիլիպինների հետ, որը զբոսաշրջության համար էր, բայց լինում է նաև, որ աշխատանք փնտրող մարդիկ են գալիս»,-ասաց նա: