Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) մարտի 26-ին կայացած նիստին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձել է 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստին ելույթ է ունեցել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել նրան իր առաքելության իրականացման ընթացքում։
Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է գագաթնաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթնաժողովի կողմից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։










