Պոլիտեխնիկ մտե՞լ եք, խղճուկ վիճակում է, պետք է Պոլիտեխնիկի պատերից ներս մտնենք մեր բոլոր ՏՏ ընկերություններով և կունենաք այլ մակարդակ. Հակոբ Արշակյան
Չհասկացա՝ ինչպես ստացվեց, որ ներկայացրեցիք, թե այս օրենքը տեղական ընկերությունների դեմ է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ քննարկման հարցը հետևյալն է՝ ինչպիսի գործիքակազմ ունես, երբ դրսում խոսում ես տեխնոլոգիական ընկերության հետ և իրենց ասում ես՝ արի և մեր մոտ ստեղծի հինգ հոգանոց խումբ, քո ամենաբարդ լոգարիթմը, որ լաբորատորիայում կատարում ես, արի ստեղծի Երևանում:
Ըստ նրա՝ սրա համար իրենք ունեն գործիքակազմ, օրինակ` Պոլիտեխնիկական համալսարանը, այսինչ հայտնի ընկերությունները, այսքան սրտարտափ ընկերություններ և այսքան պատմություն և այլ բան պետք չի, որ նրանք գան և բացեն:
«Բայց եթե դուք կարծում եք, որ հարյուրավոր ընկերություններ են գալու, դա իմ երազանքը կլիներ, բայց երեք տարվա արտոնությունների ընթացում գալու են մինչև 10 ընկերություն, որոնք միջինը կունենան տաս աշխատող, այսինքն՝ 100 աշխատող: Ինչ է, դրանից մեր ոլորտը ծռվելո՞ւ է, ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ պետք է չգնանք, պետք է իդենտիֆիկացնենք մեր խնդիրները: Օրինակ՝ Պոլիտեխնիկի պատերից ներս մտնենք մեր բոլոր ՏՏ ընկերություններով: Եկեք մտնենք, հազարավոր մարդկանց սովորեցնենք: Պոլիտեխնիկ մտե՞լ եք, ժողովո՛ւրդ, խղճուկ վիճակում է, բայց այդ նույն հայկական ընկերությունները և ուրիշ ընկերությունները ունեն թրեյնինգ «սենյակներ», եկեք դրանք վերցնենք, տանենք համալսարան և կտեսնենք՝ ինչ փոփոխություններ կլինեն, կունենանք այլ մակարդակ»,-ասաց նա և նշեց, որ տեղական ընկերությունները չպետք է վախենան, որ ինչ-որ 10 տոկոսանոց ընկերություն իրենց կոչնչացնեն:
Նախարարը նշեց, որ ինչպես տեղական 30, այնպես էլ օտարերկրյա ընկերության համար 30-30 աշխատողի սահման են դրել, և եթե խնդիր են տեսնում, կարող են այդ թվաքանակը իջեցնել:
Անդրադառնալով սևագործ աշխատանքի մասին դիտարկումներին՝ նախարարն ասաց, որ ոչ մի ընկերություն սևագործ աշխատանքի համար երբեք չի գալիս ՀՀ, դրա համար կգնան Հնդկաստան, Չինաստան, Մալազիա: «Սևագործ մարդ ման եկողը երբեք չի գա ՀՀ, ցույց տվեք մի ընկերություն, որտեղ սևագործ գործ են անում ՀՀ-ում, միջին աշխատավարձը մեկ միլիոնը անցնում է, ժողովուրդ ջան, և այո՛, դրա պատճառն այն է, որ տաղանդավոր են հայ ինժեներները, ոչ թե միայն նրա համար, որ վակուում է: Վակուումը ամբողջ աշխարհում է տաղանդի, եկեք այդ վակումը փորձենք վերացնենք ու աշխարհի վակումը, ոչ թե ՀՀ-ի»,-ասաց նա և նշեց, որ կարող են կոնսեսուսային տարբերակի շուրջ խոսել, թվերը փոփոխել, բայց այդ «մեսիջը» թողնել:










